Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 17:15
Նաիրա Բադալյան

Պապիկյանը հայտարարում է Գյումրիում  շուրջ 8,5 մլն դոլարի ներդրումների մասին

Պապիկյանը հայտարարում է Գյումրիում  շուրջ 8,5 մլն դոլարի ներդրումների մասին

Արմինֆո.Գյումրիում սպասվում են մոտ 4,3 մլրդ դրամի (8,5 մլն դոլար) ներդրումներ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։

 

Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։

 

Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։ Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։

Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները», - գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը: