Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021 18:27
Նաիրա Բադալյան

Պետեկամուտների կոմիտեն քաղաքացիներին և տնտեսավարողներին հորդորում է զերծ մնալ թուրքական ծագում ունեցող ապրանքներ երկիր ներկրելու փորձերից

Պետեկամուտների կոմիտեն քաղաքացիներին և տնտեսավարողներին հորդորում է զերծ մնալ թուրքական ծագում ունեցող ապրանքներ երկիր ներկրելու փորձերից

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ  սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

«Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն  և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն», - ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելք սահմանելու մասին որոշմանը ։ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը սահմանվել էր այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին 2020թ. աշնանը Արցախում պատերազմի ժամանակ։ Էմբարգոն  հունիսի 24-ին երկարաձգվել է 6 ամսով: Ներկայացնելով որոշման նախագծիծը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պարզաբանել էր, որ "Եվրասիական տնտեսական միության մասին" պայմանագրի համապատասխան դրույթի համաձայն, մեկ երկիր առանց մյուսների հետ համաձայնեցման չի կարող արգելել երրորդ երկրներից ներկրումը ավելի քան 6 ամիս ժամկետով: