Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021 18:34

Հայաստանի գործատուների հանրապետական միության նոր նախագահ է դարձել Կարեն Մարգարյանը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նոր նախագահ է դարձել Կարեն Մարգարյանը

Արմինֆո. Հայաստանի գործատուների հանրապետական միության նոր ղեկավար է դարձել տնտեսական գիտությունների դոկտոր, Ռուսաստանում եւ Հայաստանում հայտնի տնտեսագետ-տեսաբան, հայկական IDBank-ի վարչության անդամ Կարեն Մարգարյանը:

 

Կարեն Մարգարյանն այդ պաշտոնում ընտրվել է այսօր կայացած միության 5-րդ համագումարում ։ Համագումարն ընտրել է նաեւ վարչության անդամներին՝ կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներից, տարբեր ընկերությունների տնօրեններից եւ այս կամ այն ոլորտի մասնագետներից:

 

Հայաստանի գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը, ով ստեղծել և գլխավորել է կազմակերպությունը ավելի քան 10 տարի առաջ, դարձել Է կազմակերպության պատվավոր նախագահ:

 

Հավաքվածների առջև իր ելույթում Մակարյանը, շնորհակալություն հայտնելով միության անդամներին համագործակցության համար, պատմել է կատարված աշխատանքների մասին, նշելով, որ կազմակերպությունն իր հնարավորությունների սահմաններում փորձել է պաշտպանել գործարարների իրավունքները և սրբագրել կառավարության աշխատանքը: Նա քննադատաբար է վերաբերվել տնտեսական աճի խթանման եւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցներին, նշելով երկրում աշխատատեղերի պահպանմանն ու բիզնեսի վճարունակության պահպանմանն ուղղված միջոցառումների անբավարար արդյունավետությունը:

 

Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամներն են ավելի քան 1700 մեծ և փոքր ընկերություններ և կազմակերպություններ: