Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2021 21:59
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ներկրողների համար ուղեցույցներ է մշակել՝ թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ  գտնելու նպատակով

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ներկրողների համար ուղեցույցներ է մշակել՝ թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ  գտնելու նպատակով

Արմինֆո.Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի (Business Support Office-Armenia) համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ, որոնք կօգնեն գործարարներին գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ եւ նոր շուկաներ։  Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

 

Նաեւ նշվում է, որ ուղեցույցներում նկարագրված են ներմուծման ընթացակարգերը,  արտաքին շուկաների հնարավոր այլընտրանքները,  լոգիստիկան,  տրանսպորտային ծախսերը,  անհրաժեշտ միջազգային պայմանագրերը,  մատակարարների կոնտակտային տվյալները:  Ուղեցույցներին կարելի է ծանոթանալ նախարարության  կայքում՝ https://mineconomy.am/page/1795 հղումով:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ մինչեւ 2021 թվականի վերջը։ Նման որոշումը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, կայացվել է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության նկատառումներով։ Ընդ որում, նա հաղորդել է, որ 2021 թվականի 6 ամսվա արդյունքներով Թուրքիայից ներկրումն արդեն կրճատվել է շուրջ 70 տոկոսով: Նշենք, որ Գործարարության աջակցման գրասենյակը հիմնադրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ' Հայաստանում պետություն-մասնավոր հատված կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով: Գրասենյակը ֆինանսավորվում է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից: Աջակից երկրների թվում են Կանադան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան: Գրասենյակի գործունեության նպատակն է դառնալ խթանիչ միջնորդ կառավարության և գործարար համայնքի միջև' ապահովելով արդյունավետ երկխոսություն' ուղղված երկրի գործարար միջավայրի և ներդրումային միջավայրի բարելավմանը: