Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2021 12:33
Ալինա Հովհաննիսյան

JICA. Հայաստանը առաջատար ՏՀՏ երկիր է, որն ունի գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ

JICA. Հայաստանը առաջատար ՏՀՏ երկիր է, որն ունի  գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ

Արմինֆո. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է  ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն  ու զարգացման հեռանկարները։ 

 

Ինչպես հաղորդել է Հայաստանի ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի  գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։

 

Տեսանյութում նաև խոսվում է  Խորհրդային Միությունից մինչ այսօր  ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։ 

 

Տեսանյութը նպատակ ունի Ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։ 

 

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներն ու փորձառությունը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթը 2021 թ.առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 159.9 մլրդ դրամի (մոտ 306.3 մլն դոլար)' մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8 տոկոսով: Վերջին 10-15 տարիների ընթացքում ՏՀՏ ոլորտն ամեն տարի աճել է 10-15%- ով: