Շաբաթ, 21 Օգոստոսի 2021 14:19
Ալինա Հովհաննիսյան

Ռուստամ Բադասյան. Մաքսային ոլորտի բարեփոխումները ՊԵԿ առաջնահերթություն են

Ռուստամ Բադասյան. Մաքսային ոլորտի բարեփոխումները ՊԵԿ առաջնահերթություն են

Արմինֆո. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Կոմիտեի ղեկավարը  բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամարդված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն։

 

Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պե­տա­կան վճարումների էլեկ­տրո­նային համա­կար­գում՝ e-payments-ում մաքսային պարտավո­րություն­ներն առցանց մարելու հնարավորությունը։

 

Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է։

 

Կարևորվել է նաև հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին։

 

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։

 

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով։

 

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի, հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ։