
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։
ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։ «Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։
Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և նշել, որ Չինաստանի տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։
Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։
Կարևորելով նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախարար Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և առաջիկայում կոնկրետ արդյունքներ կգրանցվեն։
Նշենք, որ Հայաստանի Վվճակագրական կոմիտեի տվյալներով, տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթը 2021թ.առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 159.9 մլրդ դրամի (մոտ 306.3 մլն դոլար) ' տարեկան վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8 տոկոսով: Ըստ աղբյուրի, նշված ընդհանուր ծավալում արտադրական հատվածին բաժին է ընկնում ավանդաբար ամենափոքր մասը' ընդամենը 1.2 մլրդ դրամ (կամ 0.8%), տարեկան աճը' 51.4%: