Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021 13:34
Ալինա Հովհաննիսյան

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զբոսաշրջիկների ներգրավել Գերմանիայից. Հայաստանում կանցկացվի fvw DRV Destination Forum Armenien համաժողովը

Արմինֆո. Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի` Deutscher Reiseverband (DRV)-ի և fvw-ի՝ Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ամսագրի հետ համատեղ կանցկացնի «fvw DRV Destination Forum Armenien» միջոցառումը։

 

Ինչպես հաղորդւոմ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանի Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի 70 մասնագետ, որոնք ներկայացնում են տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ։

 

Միջոցառման նպատակն է Գերմանիայում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ քննարկման հարթակ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող պետական և մասնավոր հաստատությունների համար։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն գերմանական շուկայում Հայաստանի ներկայացման բարելավման և երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

 

Միջոցառման առաջին մասի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը, մասնակիցները կունենան թեմատիկ երկօրյա ուղևորություն դեպի մարզեր՝ ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին, բացահայտելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը։ Թեմատիկ ուղևորությունները ներառում են արկածային, մշակութային, էկո և գաստրոնոմիկ ուղղությունները:

 

Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա գործարար համաժողով, որի ընթացքում հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները բացառիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց զբոսաշրջային պրոդուկտները և ձևավորելու գործարար կապեր գերմանացի պատվիրակների հետ։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի առաջին կիսամյակում Գերմանիայից Հայաստան է այցելել 1 926 զբոսաշրջիկ , ինչը 14,8% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Իսկ ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է զբոսաշրջային հոսքի նվազում։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում եղել է 239 263 զբոսաշրջիկ, ինչը 22,2 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: