
Արմինֆո. ՀՀ կառավարությունը քննարկում է մոտ 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր, որը նախատեսում է նոր ստանդարտի և որակի բենզալցակայանների ցանցի ստեղծում: Այդ մասին օգոստոսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով, ներդրողներն օտարերկրացիներ են, որոնք մտադիր են Ռուսաստանից բենզին մատակարարել՝ վրացական նավահանգիստներով: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարը, վրացական նավահանգիստներում կան մեծ տերմինալներ, որտեղից կարելի է բենզին մատակարարել: Ընդ որում, նա բացառել է ադրբեջանական վառելիքի ներկրման հնարավորությունը։
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է վառելիքի շուկային։ Նրա խոսքով ՝ իր ղեկավարած գերատեսչությունը, թեև անուղղակի, բայց իրեն պատասխանատու է համարում սակագների կարգավորման համար։ Ինչպես նշել է Քերոբյանը, դիզվառելիքի և հեղուկ գազի շուկայում գների որոշակի նվազում է նկատվում։ Այսպես, որոշ գազալցակայաններում հեղուկ գազի գները 280 դրամից նվազել են մինչեւ 240 դրամ։
Բացի այդ ծրագրից, ինչպես հաղորդել է նախարարը, Հայաստանի կառավարությունը քննարկում է Երեւանի Սիլիկյան թաղամասում նոր բնակելի համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը: Համալիրի տարածքը կընդգրկի 65 հա հողատարածք։ Նրա խոսքով՝ որպես ներդրող եւ կառուցապատող հանդես է գալու խոշորագույն շինարարական "Արտ Քոմփանի" ընկերությունը։ Կա նաեւ Արագածոտնի մարզում հանգստի գոտի կառուցելու նախագիծ։ Քննարկվող ներդրումային նախագծերի այլ մանրամասներ նախարարը ձեռնպահ է մնացել նշել, նկատելով, որ դրանք կառավարության հավանությանն են ներկայացվելու առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։