Արմինֆո. 2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 160 մլն եվրոյի ընդհանուր ծավալով ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։
Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, սակայն կան նաեւ ծրագրեր ֆինանսական ոլորտում, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:
"Ելնելով այն հանգամանքից, որ մենք աշխատում ենք, հիմնականում, մասնավոր հատվածում,
դժվար է ասել, թե ինչ ծավալի ծրագրեր են իրականացվելու Հայաստանում 2021 թվին։ Բայց, կարծում եմ, որ մենք կհասնենք 150-160 մլն եվրոյի միջակայքի գումարի", - ասել է նա։
Ընդ որում, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նա հիշեցրել է կառավարության կողմից ոլորտի զարգացման երկարաժամկետ ծրագրի ընդունման մասին, որում նշված է էկոլոգիապես մաքուր էներգետիկան՝ արեւային էներգիան, մինչեւ 1000 ՄՎտ զարգացնելու մտադրությունը:
"Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք կառավարության և միջազգային հովանավորների հետ ։ 2022 թվականի վերջից ՎԶԵԲ - ն անցնում է "կանաչ ռելսերի"։ Բայց դա ոչ միայն էներգետիկ ուղղություն է, այն կարելի է ինտեգրել բոլորովին տարբեր ոլորտներում", - հավելել է նա։
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է ։ Հայաստանում գործունեության մեկնարկից ի վեր' 1992 թվականից մինչ օրս, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ներդրել է 1.56 մլրդ եվրո' ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում 191 ծրագրի իրականացման համար: Ընդ որում, այդ ներդրումների 91 տոկոսն ուղղված է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը։