Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2021 11:48
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիս

Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիս

Արմինֆո. Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Պետություն-մասնավոր երկխոսությունը Հայաստանում» թեմայով շահեկիրների հանդիպում, որը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն նախարարության ներկայացուցիչների, բիզնես ասոցիացիաների, մասնավոր ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) խնդիրները, լսել մասնակիցների տեսակետները՝ թե ինչպես կարելի է բարելավել երկխոսությունը և ինչպիսի մեխանիզմներ պետք է ներդնել արդյունավետ և կայուն երկխոսության հարթակներ ստեղծելու համար:

 

«Էկոնոմիկայի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս պետության և գործարար համայնքի միջև երկխոսությանը,  քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները եւ համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ Պետություն-մասնավոր երկխոսության կայացման առումով նշանակալի դեր ունեն  նաև գործարար միություններն ու ոլորտային ասոցիացիաները, որոնք ներկայացնում են գործարարների խնդիրներն ու պաշտպանում նրանց իրավունքները: Այս ամենը նկատի ունենալով՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ հզորացնելու միությունների և ասոցիացիաների կարողություններն ու դերը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Հայաստանում պետութուն-մասնավոր երկխոսությունը նոր հասկացություն չէ: Վերջին տասնամյակում գրացվել են մի շարք հաջողված նախաձեռնություններ, որոնցում իրենց գործուն ներդրումն են ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն: Սակայն, չնայած մինչ օրս արձանագրված ձեռքբերումներին, քաղաքականության շատ բարեփոխումներ և օրենսդրական գործընթացներ դեռևս բավարար չափով չեն ներառում մասնավոր հատվածի տեսակետներն ու շահերը։ ԱՄՆ ՄԶԳ -ն կշարունակի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են մասնավոր հատվածի զարգացման համար  բիզնես միջավայրի բարելավմանը », - ասել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն։

 

«Պետություն-մասնավոր երկխոսությունը բարդ գործընթաց է, և չունի հաջողության հասնելու պարզունակ  բաղադրատոմս: Այն մեծապես կախված է լուծում պահանջող խնդիրների շուրջ համախմբվող կողմերի պատրաստակամությունից, կարողություններից, մտածելակերպից: Երկխոսություններն ավելի հաջող և արդյունավետ են ընթանում, երբ մասնակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ՝ երկխոսությունը վարելու և խնդիրները ներկայացնելու առումով, և իրենց շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները իրատեսորեն գնահատելու կարողություն»,- նշել է միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետություն-մասնավոր երկխոսության սկզբունքները, միջազգային լավագույն փորձը, քննարկվել են երկխոսության հաջողության հնարավորություններն ու ձախողման ռիսկերը, ինչպես նաև՝ դրա բարելավմանն ուղղված առաջարկություններն ու հետագա քայլերը: