Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումը երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ Կառավարությունը պատրաստ է աշխատել Ուկրաինայի գործընկերների հետ:
Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ներկայացուցչական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Մարինա Լազեբնան փոխվարչապետին ներկայացրել է միջկառավարական նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ընդգծելով, որ նիստի արդյունքում արված աշխատանքի շնորհիվ կբարելավվի երկկողմ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև կարևորել է բիզնես շրջանակների միջև շփումների ակտիվացումը և ուկրաինական բիզնեսին հայկական շուկայի առավելությունների ներկայացումը:
Անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններին և կարևորվել նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:
Հանդիպման ավարտին փոխվարչապետն արդյունավետ աշխատանքային քննարկումներ է մաղթել միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-հուլիսին գերազանցել է 82.3 մլն դոլարը՝ տարեկան 2,3% աճով: Մասնավորապես, հայկական ապրանքների արտահանումն Ուկրաինա տարեկան կտրվածքով աճել է 7,4 տոկոսով՝ մինչեւ 12,5 մլն դոլար, Ուկրաինայից ապրանքների ներմուծման 1,5 տոկոս, մինչեւ 69,9 մլն դոլար աճի դեպքում: Մեկ տարի առաջ, 2020թ. հունվար-հուլիսին այդ ցուցանիշներն անկում են ապրել. առեւտրաշրջանառությունը՝ 8,9 տոկոսով, մասնավորապես, արտահանումը՝ 3,8 տոկոսով եւ ներմուծումը՝ 9,7 տոկոսով: