Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021 21:20

Ամերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբ

Ամերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբ

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Լիանա Հայրապետյանը։
 

Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec ընկերությունը բեռնափոխադրումների և տարանցիկ երկաթուղային հատվածների համար սարքավորումների, համակարգերի համաշխարհային մատակարարն է:

 

Ինչպես հաղորդել է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը,  Լարս Հիկին շնորհակալություն է հայտնել Արմեն Սիմոնյանին ընդունելության համար և նշել, որ ընկերությունը զբաղվում է նաև էլեկտրական մարտկոցներով լոկոմոտիվների արտադրությամբ և հետաքրքրված է Հայաստանում դրանց կիրառման հնարավորությամբ։ Ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը ներկայացրել է իրենց արտադրանքը և քննարկել այս ոլորտում կառավարության և Հայաստանի երկաթուղիների հետ համագործակցելու հնարավորությունը։

 

ՏԿԵ փոխնախարարը ողջունել է Լարս Հիկին ՏԿԵ նախարարությունում և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արմեն Սիմոնյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի երկաթուղային ցանցի կառուցվածքը, վերջինիս կառավարման համակարգը։ Փոխնախարարը նշել է, որ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ համագործակցությամբ այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը, առաջիկա տարիներին ներդրումների մի մասը ևս ծրագրվում է ուղղել շարժակազմի արդիականացմանը։ Խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մասին՝ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենը ևս վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին։

 

Արմեն Սիմոնյանը կարևորել է նշված հարցերում արդյունավետ գործակցությունը և հավելել, որ Հայաստանի հետ համագործակցությունը պետք է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ հանդիպում կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության, Wabtec ընկերության և ՏԿԵ նախարարության միջև՝ ընկերության առաջարկը և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։