Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021 15:55
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»

Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»

Արմինֆո.Մոտ ժամանակներս ադրբեջանական ոստիկանության կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրանական բեռնատարների արգելափակման հարցը կլուծվի։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

"Անշուշտ, դա խոչընդոտներ է ստեղծել, բայց վստահ եմ, որ շուտով մենք կլուծենք այդ հարցը", - ասել է պաշտոնյան: Ընդ որում, նա նշել է, որ վատթարագույն սցենարի զարգացման դեպքում կա "պլան Բ"։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է շրջանցիկ ճանապարհի մասին, որը, ճիշտ է, լավագույն վիճակում չէ, սակայն, աշխատող է։ Քերոբյանը նշել է, որ այսօր ինտենսիվ աշխատանքներ են տարվում դրա անցանելիության բարելավման ուղղությամբ:

 

Բացի այդ, մենք մոտ ենք Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածում աշխատանքների մեկնարկին: Կառավարությունը մտադիր է 487 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ դոլար) ներդնել այդ հատվածի կառուցման համար", - ասել է նա։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ադրբեջանական կողմը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել է ոստիկանական պահակակետ՝ Որոտան գյուղի մոտ փակելով  Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհը: