Արմինֆո.Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։
ՀԱԳՄ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։ Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիվանդանոցային պարագաների արտադրութան, կաթիլային ոռոգման սարքերի և այլ բնագավառների համատեղ ձեռնարկություններ հիմնել, ակտիվացնել արտահանումը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը գոհունակությամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալվող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պետք է աջակցել նաև Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտվելու արտոնություն, ինչը շահեկան կարող է լինել տարածաշրջանային հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։
Սպահանից ժամանած պատվիրակության անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթավորման առավել հստակեցման կարևորությունը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների, որոնց առնչությամբ Ներսես Կարամանուկյանը խոստացավ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։
Հանդիպմանը հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ ձևաչափով անմիջական շփումները, տեղի ունեցավ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Իրանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-հուլիսին աճել է 21,1 տոկոսով' կազմելով 264,8 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 25,3 տոկոսով' մինչեւ 37 մլն դոլար, իսկ ներմուծումը աճել է 34,7 տոկոսով ' մինչեւ 227,8 մլն դոլար:-