
Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները։ Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ձևավորման և գործունեության հարցերին, ստանդարտացված լիցենզիաների ներդրման մոտեցումներին։
Նշենք, որ Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի խորհրդատվական - խորհրդակցական մարմինն է: Խորհրդատվական խորհրդի հիմնական խնդիրը արժութային քաղաքականության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային (Կենտրոնական) բանկերի միջև համագործակցության զարգացումն ու խորացումն է: