Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021 12:37
Նաիրա Բադալյան

Ռուստամ Բադասյանը եւ Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը եւ Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: 

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը: