Արմինֆո. Բացի Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական զարգացումից, "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի ակտիվացումը օգուտ կբերի նաեւ տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, Չինաստանին եւ Հնդկաստանին: Այդ մասին հայտարարել է Իրանի ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Մոհամադը։
"Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի ակտիվացմանը նվիրված նիստը՝ իրանական եւ ռուսական իշխանությունների մասնակցությամբ, տեղի է ունեցել չորեքշաբթի Թեհրանում: Կողմերը քննարկել են "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի գործարկումն արագացնելու եւ կասպյան նավահանգստում ներդրումներ ներգրավելու ուղիները:
Մատնանշելով Իրանի եւ Ռուսաստանի ընդհանուր նպատակները տնտեսության եւ անվտանգության ոլորտներում ՝ Մոհամադը հայտարարել է, որ երկրները կարող են արագացնել երկկողմ փոխգործակցությունը տվյալ նախագծի իրականացման գործում: "Գործարկելով այդ միջանցքը ՝ մենք կտեսնենք ծախսերի կրճատում, տրանսպորտի որակի բարձրացում, ժամանակի կրճատում, ինչպես նաեւ ռազմավարական ասպեկտներ", - հայտարարել է նա, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի եւ Ռուսաստանի կառավարությունները վճռական են զարգացնելու տնտեսական համագործակցությունը եւ ակտիվացնելու "Հյուսիս-Հարավ" միջանցքը, եւ նրանք վերջին չորս տարիների ընթացքում ակտիվորեն համագործակցում են Էնզելի ազատ գոտում:
"Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքը կոչված է ապահովելու տրանսպորտային կապը Բալթյան երկրների եւ Հնդկաստանի միջեւ՝ Իրանի միջոցով: "Հյուսիս-Հարավ" փոխադրամիջանցքի հիմնական առավելություններն այլ երթուղիների նկատմամբց (մասնավորապես Սուեզի ջրանցքով ծովային երթուղու) համարվում են փոխադրումների հեռավորության կրճատումը՝ երկու կամ ավելի անգամ, ինչպես նաեւ կոնտեյներների փոխադրման արժեքի նվազումը՝ ծովային ճանապարհով փոխադրման արժեքի համեմատությամբ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 14-ին Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Հայաստանի կառավարությունը ստորագրել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի 150 մլն դոլարիի ներդրումային վարկի մասին համաձայնագիր' "Հյուսիս-Հարավ" ավվտոճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) կառուցման նախագծի ֆինանսավորման համար: Նախագծի իրականացման նախնական ժամկետները ձգձգվել են, և համաձայնագրում փոփոխություններ են կատարվել ինչպես նախագծի իրականացման ժամկետների, այնպես էլ վարկի մարման պայմանների վերաբերյալ:
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչեւ 490 կմ: Ճանապարհը էապես կթեթեւացնի դեպի Սեւ ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար։ Նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներով։ ԱԶԲ-ի հետ կես միլիարդ դոլար տրամադրելու մասին համապատասխան համաձայնագիրը Հայաստանի կառավարության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերին: Հետագայում նախագծին միացել է նաև ԿԶԵՀ-ը, որը համաձայնել է տրամադրել 150 մլն դոլար։ Նախատեսվում էր, որ ավտոմայրուղու շինարարությունը կավարտվի, նախ, 2016 թվականին, այնուհետև՝ 2019 թվականին, սակայն այսօրվա դրությամբ կատարվել է աշխատանքների միայն մի մասը, և նախագծի իրականացման ժամկետները կրկին հետ են մղվել 5-10 տարով։ Ընդհանուր առմամբ, նախագիծը տարբեր գնահատականներով գնահատվում է 2 մլրդ դոլար, թեեւ, ի սկզբանե նախատեսվում էր դրա իրագործմանն ուղղորդել ընդամենը 980 մլն դոլար:
Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ՝ միանալ սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Անցյալ տարի նախագծի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: