Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021 14:12
Նաիրա Բադալյան

Հայաստանի պետբյուջեն շարունակում է ծածկել Արցախի բնակիչների կոմունալ ծախսերը եւ միջպետական վարկ տրամադրել

Հայաստանի պետբյուջեն շարունակում է ծածկել Արցախի բնակիչների կոմունալ ծախսերը եւ միջպետական վարկ տրամադրել

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել  պետբյուջեում և փոփոխություններ, նախկինում ընդունած որոշումներում՝  Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:  Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունն մոտենում է 100 միլիարդ դրամի: «Սա շատ կարևոր է, և մենք շարունակելու են այս գործընթացը մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունն պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 1 մլրդ դրամ՝ վարչապետի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, և մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։