Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի աշխատանքի արտադրության նոր ծավալները։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ:
2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։
Պոչամբարի հզորությունը մեծացել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:
Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |