Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման գործում։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանում Հայաստանն ունի առևտրային կցորդ, ով իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը։
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալություն է հայտնել Վահան Քերոբյանին ընդունելության համար և նշել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում զգալի է էկոնոմիկայի նախարարի անձնական ներդրումը։ Հերվիկ Յարիջանյանը նաև ընդգծել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Իրանում մեծ ոգևորություն է նկատվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ իրանական կողմը հետաքրքրված է համագործակցելու տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Իրանի տրանսպորտի նախարարի հետ ստորագրված հուշագրի կետերի մասով ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում և հույս է հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը դրանց կտրվեն լուծումներ։
Խոսելով Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ իրանցի գործարարների մոտ առաջացող խնդիրների մասին՝ Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրների միջև հեռախոսային կապի անհասանելիությունը, նաև Հայաստանում պահեստներ ունենալու հարցը՝ շեշտելով, որ նշված խնդիրների լուծումը զգալիորեն կհեշտացնի գործընթացը և դրական ազդեցություն կունենա երկու երկրների արևտրային հարաբերությունների վրա։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրանական ցուցահանդեսների կազմակերպման ընթացքում իրանցի գործարարներին հայկական կողմից տրամադրվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստան և Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին պետք է ներգրավել մասնավոր հատվածի ավելի շատ ներկայացուցիչների։ Այս համատեքստում Վահան Քերոբյանն առաջարկել է հանդիպում կազմակերպել երկու երկրների գործարարների համար, որը թույլ կտա հայ գործարարաներին ծանոթանալ իրանական արտադրությանը և օգնել նրանց մոտք գործել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։
Անդրադառնալով պահեստների ստեղծման հարցին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է Հայաստանում ստեղծել իրանական արդյունաբերական պարկ, որը նաև կունենա մաքսային պահեստներ։ Նախարարը նաև առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, որոնք կնպասեն նոր ստեղծվող պարկի զարգացմանը։
Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանն առաջարկել է քննարկված հարցերը գործնական քայլերի վերածելու նպատակով համագործակցել Իրանում Հայաստանի առևտրային կցորդի հետ և համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի եւ Իրանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-օգոստոսին աճել է 15,3 տոկոսով' ապահովելով 297,8 մլն դոլարի ծավալ: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 28,9 տոկոսով' մինչեւ 40,7 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 27,9 տոկոսով' մինչեւ 257,1 մլն դոլար: