13:29
 Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021 13:29
Ալինա Հովհաննիսյան

Սիրիայի դեսպանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին առաջարկել է կազմակերպել ցուցահանդես սիրիական բիզնեսի մասնակցությամբ

Սիրիայի դեսպանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին առաջարկել է կազմակերպել ցուցահանդես սիրիական բիզնեսի մասնակցությամբ

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։

 

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ և պետք է համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը զարգացնել և հավասարեցնել քաղաքական մակարդակի։

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սիրիայի դեսպանն, իր հերթին, կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ մյուս անդամ-երկրների շուկաներ դուրս գալու համատեքստում։

 

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությանը։ Դեսպանի տեղեկացմամբ՝ Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու համակարգի ներդրման հնարավորությունը։

 

Երկուստեք առաջարկներ են ներկայացվել հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման վերաբերյալ, այդ թվում՝ Սիրիայի դեսպանն առաջարկել է Հայաստանում կազմակերպել սիրիացի գործարար շրջանակների մասնակցությամբ ցուցահանդես։

 

Դեսպանը նաև նշել է, որ Սիրիայում զարգացած ոլորտներից է տեքստիլ արդյունաբերությունը, և սիրիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել տեքստիլ գործարան։ Նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գաղափարի իրականացմանը և ընդգծել, որ տեքստիլ ոլորտում Հայաստանն ունի փորձառու աշխատուժ, որը կարելի է արդյունավետ օգտագործել գործարանի աշխատանքը կազմակերպելու նպատակով։

 

Նշենք, որ Հայաստանի մաքսային տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը սիրիական շուկա է արտահանել 5.7 մլն դոլարի ապրանք, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 64.2% - ով։ Արտահանման առյուծի բաժինը բաժինը կազմում է ծխախոտ, սիգարներ եւ սիգարիլ։ Ընդ որում, տարեկան կտրվածքով 3.2 անգամ աճել է սիրիական ապրանքների ներմուծումը Հայաստան՝ ապահովելով ընդամենը 523.4 հազար դոլար ծավալ։

 

Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 240 սիրիացի զբոսաշրջիկ, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից բարձր է 19,4% - ով:

 

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջանցիկ տեմպերով աճում է նաև տեքստիլ արդյունաբերությունը ։ Մասնավորապես, 2021թ. հունվար-օգոստոսին տեքստիլ արդյունաբերության հասույթը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5 անգամ (մեկ տարի առաջվա 42,5% անկման դիմաց) ՝ կազմելով 1.2 մլրդ դրամ ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորված է գործվածքների արտադրության զգալի աճով։