Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2021 11:40
Նաիրա Բադալյան

Հայաստանն ու Շվեյցարիան բացառում են եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը

Հայաստանն ու Շվեյցարիան բացառում են եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր:

Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում:

 

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

 

Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը: