
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կալիֆորնիայի Սենատի 25-րդ դիսթրիքթի սենատոր Էնթընի Պորտանտինոյի հետ խոսել է Կալիֆորնիայի հետ տնտեսական հնարավորություններն ընդլայելու մասին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Վահան Քերոբյանը: «Անդրադարձել ենք գյուղատնտեսությանը, արդյունաբերության տարբեր ճյուղերին, առևտրին», - գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի համաձայն, նախատեսվում է բոլոր ուղղություններով համապարփակ փոխգործակցություն: 2021 թվականի օգոստոսի 17-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը ներկայացրել է Կալիֆորնիայի նահանգի և Սյունիքի մարզի միջև եղբայրական հարաբերություններ հաստատող բանաձև, որը նպատակ ունի նպաստել փոխշահավետ փոխանակմանը կրթական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Փաստաթղթի համահեղինակն է սենատոր Պորտանտինոն։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունն ընթացիկ տարվա 9 ամիսներին աճել է 42,7 տոկոսով' կազմելով 137,3 մլն դոլար: Ընդ որում, գրանցվել է արտահանման 30,9 տոկոս աճ՝ մինչեւ 61,6 մլն դոլար, ներմուծման 54 տոկոս աճի դեպքում' մինչեւ 75,7 մլն դոլար: