Երեքշաբթի, 16 Նոյեմբերի 2021 16:00
Ալինա Հովհաննիսյան

Վարչապետը և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են ՏՏ ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունները

Վարչապետը և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են ՏՏ ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունները

Արմինֆո.արչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա: Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին:

 

Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը և ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը և անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է այս ոլորտի հետ սերտ համագործակցությամբ և առաջարկել պատասխանատու գերատեսչությունների հետ շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների,  ՏՀՏ ոլորտի հասույթը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 159.9 մլրդ դրամի (մոտ 306.3 մլն դոլար)' մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8% - ով: Ըստ աղբյուրի, նշված ընդհանուր ծավալում գերակշռում է ծառայությունների ոլորտը, որին բաժին է ընկնում 86,2% կամ 142,2 մլրդ դրամ (տարեկան 11,7% աճ), որի մեծ մասը ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիաներով' 75,2 մլրդ դրամ (տարեկան 18,5% աճ), իսկ հեռահաղորդակցության հատվածին բաժին է ընկնում 64.1 մլրդ դրամ, ինչը 4.7%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։

 

ՏՀՏ ոլորտում առևտրային հատվածի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 22.6% - ով ՝ մինչև 16.5 մլրդ դրամ։ Իսկ արտադրական հատվածին բաժին է ընկել ավանդաբար ամենափոքր մասը՝ ընդամենը 1.2 մլրդ դրամ (կամ 0.8%)՝ տարեկան 51.4% աճով։