
Արմինֆո. Նոյեմբերի 24-26-ը Մինսկում տեղի կունենա հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15 - րդ նիստը' նվիրված առեւտրատնտեսական համագործակցությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ի որոշման համաձայն, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության ևս երեք աշխատակիցներ:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, Բելառուսի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 10,9% անկում է արձանագրել և կազմել է 53,9 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 19,2 տոկոսով ՝ հասնելով 15,7 մլն դոլարի, իսկ ներմուծումը կրճատվել է 19,3 տոկոսով՝ մոտավորապես մինչեւ 38,2 մլն ԱՄՆ դոլար: