Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման եւ քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին են տրամադրվելու 25 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից 20 մլն եվրոն՝ որպես վարկ, իսկ 5 մլն եվրոն տրվելու է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ միջազգային եւ դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ Հայաստանը 25 մլն եվրո կհատկացնի Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման առաջին փուլի իրականացման համար: Նախնական գնահատմամբ ՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող նոր ավտոբուսների ձեռք բերման համար կպահանջվի 120-150 մլն եվրո: Ինչպես հոկտեմբերի 28-ին կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ավելի վաղ խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրել է Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը, որի հիման վրա մշակվել է Հայաստանի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանց: Նոր երթուղային ցանցի սպասարկման համար նախատեսված է տարբեր մեծության 845 ավտոբուսների ներդրում: Առաջին փուլում գնվելու է 12 մետր երկարությամբ 100 ավտոբուս, ֆինանսավորմանն ուղղվելու է 25 մլն եվրո: