Հինգշաբթի, 25 Նոյեմբերի 2021 14:59
Նաիրա Բադալյան

Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար կառավարության հատկացումներն արդեն հասել են 1,1 մլրդ դրամի

Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար կառավարության հատկացումներն արդեն հասել են 1,1 մլրդ դրամի

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքնման նպատակով:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հիմնավորման համաձայն, պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, որտեղ առկա են առաջնահերթ լուծման կարիք ունեցող մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես, ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ: Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ: Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ և բնական գազ` 1 մլն դրամ:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ նպատակների համար դեռևս ապրիլին հատկացվել է 500 մլն դրամ, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ: «Հիմա հերթական գումարն է տրամադրվում՝ 400 մլն դրամ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեռևս հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ այս ուղղությամբ առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի: Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափն արդեն 1,1 մլրդ դրամ է դառնում»,-ասել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: «Հիմա մենք Սյունիքում կառուցում ենք այլընտրանքային 7 ճանապարհ: Գիտեք, որ միջպետական նշանակության Տաթև -Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ Տաթև-Լծեն հատվածում: Կառուցում ենք նաև Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն», -նշել է վարչապետը:

 

Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհների կառուցման ընթացքից: «7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է և երթևեկելի: Այս ճանապարհի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է: Տաթև-Լծեն ճանապարհը նաև դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը մենք շրջանցենք և ավելի կարճ ճանապարհով դուրս գանք դեպի Սիսիան: Մնացած 6 ճանապարհների վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ՝ հիմա ևս 3 ճանապարհի կառուցում ենք դիտարկում: Դրանք հիմա քննարկման փուլում են և առաջիկայում այդտեղ նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել», -ասել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Որոտան, Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհներն անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար: Ներկայումս իրականացվում են խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի 2022 թվականին: «Խոտ-Որոտան-Քաշունի-Բարձրավան, Գեղանուշ-Ճակատեն հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում: Մենք ժամանակի ընթացքում նաև այնտեղ այլ ճանապարհ կկառուցենք, որը կլինի արդեն հիմնական նշանակության», -ասել է կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը հետաքրքրվել է նաև Շուռնուխի թաղամասի շինարարության ընթացքով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ աշխատանքները նախատեսվում են ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում: