Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2021 16:49
Մարիաննա Մկրտչյան

Ռեստորանների ասոցիացիան" սվիններով է ընդունել Առողջապահության նախարարության նոր որոշումը

Ռեստորանների ասոցիացիան" սվիններով է ընդունել Առողջապահության նախարարության նոր որոշումը

Արմինֆո. "Ռեստորանների Ասոցիացիա" ՀԿ-ն բացասաբար է արձագանքել հաջորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում նոր սահմանափակումներ կիրառելու մասին առողջապահության նախարարի հայտարարությանը:

 

«Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից: Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց», - ասվում է "Ռեստորանների Ասոցիացիա" ՀԿ ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:

 

Նշենք, որ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային սահմանափակումներ են մտցվելու։ Նրա խոսքով ՝ 2022 թվականի հունվարի 1-ից հասարակական սննդի օգյեկտներ եւ մշակութային միջոցառումների մուտքը հասանելի կլինի միայն պատվաստված քաղաքացիներին՝ պատվաստման վկայական ներկայացնելու դեպքում, իսկ չպատվաստված անձանց մուտքը կթույլատրվի միայն ՊՇՌ-թեստերի բացասական արդյունքի առկայության դեպքում: