Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021 13:41
Մարիաննա Մկրտչյան

Տիգրան Բալայանը նիդերլանդացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Տիգրան Բալայանը նիդերլանդացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Արմինֆո.Նոյեմբերի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցել է Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։

 

Ինչպես հաղորդում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրել է հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

 

Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերալանդացի գործարարներին պատմել է իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերեց հետևել իր օրինակին։

 

Միջոցառման կազմակերպիչ Միջազգային Քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրել է հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։

 

Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի դեսպան Բալայանը վերջիններիս հանձնել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։  Հանդիպմանը քննարկվել է Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։  

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Նիդերլանդների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է  149.2 մլն դոլար՝ տարեկան 52.1% աճով: Ընդ որում, Նիդերլանդները Հայաստանի առեւտրական գործընկեր երկրների առաջատար հնգյակում է արտահանման ծավալով ՝ ավելի քան 122 մլն դոլար՝ տարեկան 64,4% աճով: Նիդերլանդներից ներմուծման ծավալը կազմել է 27,2 մլն դոլար՝ տարեկան 14% աճով: