18:29
 Երկուշաբթի, 6 Դեկտեմբերի 2021 18:29

Կանոնավոր կոնտեյներային գնացքները սկսել են երթեւեկել Չինաստանից դեպի Վրաստան

Կանոնավոր կոնտեյներային գնացքները սկսել են երթեւեկել Չինաստանից դեպի Վրաստան

Արմինֆո. Չինաստանի կենտրոնական մասի հյուսիսում գտնվող Գանսու նահանգից դեպի Վրաստան առաջին անգամ կոնտեյներային գնացք է ուղեւորվել: Այդ մասին հաղորդում է newsgeorgia-ն՝ վկայակոչելով ՉԺՀ-ում Վրաստանի դեսպանատան հայտարարությունը։

 

Ըստ աղբյուրի, շարժակազմն Ուվե քաղաքից դուրս է եկել դեկտեմբերի 4-ին, իսկ Թբիլիսի պետք է ժամանի 10-12 օր անց:

 

Վրաստանի ԱԳՆ-ում նշել են, որ Գանսուից կանոնավոր կոնտեյներային երկաթուղային փոխադրումներ կիրականացվեն ինչպես դեպի Վրաստանի, այնպես էլ՝ Եվրոպայի այլ երկրներ:

 

Առաջին շարժակազմի մեկնման արարողության ընթացքում ՉԺՀ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան ընդգծել է նախագծի ռազմավարական կարեւորությունը, նշելով, որ վերջինս կնպաստի անդրկասպյան միջազգային փոխադրամիջանցքի զարգացմանը եւ Վրաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային առեւտրային, տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց:

 

Աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին Չինաստանը Վրաստանի արտահանման գլխավոր գործընկերն է՝ առաջ անցնելով հարևան Ռուսաստանից և Թուրքիայից: Նման արագ աճի պատճառ է դարձել Վրաստանի եւ Չինաստանի միջեւ ազատ առեւտրի շուրջ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նշենք, որ ԵԱՏՄ  անդամ երկրների տարածքով անցնող  միջազգային փոխադրամիջանցքների վերլուծության համաձայն, ծովային ճանապարհով Չինաստանից դեպի ԵՄ կոնտեյներային բեռների առաքման ժամկետը հասնում է 60 օրվա, մինչդեռ, այդ նույն բեռների ՝ ԵԱՏՄ երկաթուղիներով առաքման միջին տեւողությունը չի գերազանցում երկու շաբաթը: Ընդ որում, արդեն այժմ կան ծառայություններ, որոնք ապահովում են ԵԱՏՄ տարածքով մեկշաբաթյա ժամկետում փոխադրումը։

 

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) իրականացնում է միջազգային մուլտիմոդալ և կոնտեյներային փոխադրումներ (երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործմամբ):

Բեռների առաքման մրցունակ պայմանների պահպանման նպատակով Վրացական երկաթուղու հետ համատեղ 2020 թվականին ՀԿԵ - ն երկարաձգել է Փոթի նավահանգստի տերմինալներից հացահատիկային բեռների փոխադրման, ինչպես նաեւ արագացված կոնտեյներային գնացքի կազմում 40-ֆուտանոց բեռնարկղերի փոխադրման միջանցիկ սակագնային դրույքաչափերի գործողությունը: Պահպանվել են Երևանի և Փոթիի ու Բաթումի նավահանգիստների միջև արագացված կոնտեյներային գնացքի երթևեկության պայմանները։ Տվյալ երթուղով բեռների առաքման ժամկետը կազմում է 30 ժամ, իսկ սակագնային դրույքաչափերը սովորական բեռնատար գնացքի կազմում բեռների փոխադրման համար 30 տոկոսով ցածր են 20 ֆուտանոց կոնտեյներների համար, եւ 52 տոկոսով՝ 40 ֆուտանոց կոնտեյներների համար: