Արմինֆո.Հայաստանում գործարկվել է "Սպուտնիկ Լայթ" հակաքովիդային պատվաստանյութի արտադրությունը։ Դեղամիջոցի արտադրության համար պատասխանատվությունը ստանձնել է հայկական "Լիկվոր" դեղագործական ընկերությունը, որը դեղերի արտադրության ոլորտում ունի 30 տարվա փորձ։
Արտադրության մեկնարկի կապակցությամբ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել է, որ այս փուլում քննարկվում են Հայաստանում արտադրվող պատվաստանյութի արտահանման հնարավորությունները:
"Առայժմ ստորագրված պայմանագրեր չկան։ Բայց այսօր ակտիվ բանակցություններ են ընթանում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հետ", - հաղորդել է նա։ Իր հերթին՝ "Լիկվոր" ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը պատմել է, որ արտադրության գործարկման համար ընկերությունը համագործակցել է ռուս գործընկերների հետ, որոնք իրականացրել են տեխնոլոգիական տրանսֆերտներ: Իսկ արտադրության մեջ ներդրումներ ուղղորդել է հենց ձեռնարկությունը։ "Այսօրվա իրադարձությունը մեծ հաջողություն է ոչ միայն մեզ համար, այլեւ մեր երկրի համար", - ընդգծել է նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, իր հերթին, դա որակել է որպես առաջ ընթաց մեծ քայլ Հայաստանի դեղագործության ոլորտի համար։ Նա պարզաբանել է, որ "Սպուտնիկ Լայթը" երկրում կօգտագործվի որպես խթանող բաղադրիչ, որը քաղաքացիները կարող են ստանալ ամբողջական պատվաստումից 6 ամիս անց: Ընդ որում, նախարարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ "Սպուտնիկ Լայթ" կարող են ստանալ, նույնիսկ, այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են ոչ միայն "Սպուտնիկ V", այլ նաեւ այլ դեղամիջոցներ: Նշենք, որ "Լիկվոր" ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1991թ.և դեղ արտադրող առաջին ոչ պետական ընկերությունն էր Հայաստանում։ Հանրապետական կլինիկական հիվանդանոցի տարածքում հիմնադրվել է "Լիկվոր" գիտաարտադրական ձեռնարկությունը, և կազմակերպվել է առաջին անհրաժեշտության ներերակային լուծույթների արտադրություն: Ընկերության տեսականին ներառում է ներերակային, ներմկանային ներարկումային և ակնաբուժական ստերիլ միջոցներ, որոնց մեծ մասն արտահանվում է՝ սկսած 1999 թվականից: Ընկերությունը հետխորհրդային տարածքում առաջինն է մշակել և արտադրության մեջ ներդրել moxicinr (մոքսիֆլոքսացին) ներերակային դեղամիջոցը ՝ 4-րդ սերնդի ֆտորխինոլոնի հիման վրա ։ "Լիկվորը" Կովկասում առաջինն ստացել է ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին (GMP EU) համապատասխանության հավաստագիր:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2021 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանի դեղագործության ոլորտը 0,9% աճ է գրանցել՝ կազմելով 9,7 մլրդ դրամ։