Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021 10:57
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների պայմանների բարելավման հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների պայմանների բարելավման հնարավորությունները

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդման համաձայն, Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:

 

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին: Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։

 

Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը: