Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2021 15:12
Նաիրա Բադալյան

Փոխադրամիջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու տեխզննումը ներառվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում

Փոխադրամիջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու տեխզննումը ներառվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Ըստ հիմնավորման՝ ներկայումս գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և գործընթացը կանոնակարգվում է Կառավարության համապատասխան որոշումներով: Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում տրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությունը հավատարմագրման ոլորտից նախատեսվում է տեղափոխել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բնագավառ: Այսպիսով՝ գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:

 

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2020 թ. փոփոխություն է կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, որի համաձայն պետք է մշակվեն ոլորտը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով կկանոնակարգվեն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման պահանջները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը և վկայագրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել գործող կարգավորումները: