Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021 17:49
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ նոր կանխատեսումը 2021 թվականի համար. ՀՆԱ-ի 4.2% աճ եւ մոտ 8.4% գնաճ

ՀՀ ԿԲ նոր կանխատեսումը 2021 թվականի համար. ՀՆԱ-ի 4.2% աճ եւ մոտ 8.4% գնաճ

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի 2021թ. նոր կանխատեսման համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2% (նախկինում կանխատեսվող 5,4% - ի դիմաց), իսկ գնաճը տարեվերջին կձեւավորվի 8,4% - ի մոտ: 2022 թվականին, ԿԲ-ի նորացված կանխատեսումներով, ՀՆԱ-ի աճը կարագանա մինչեւ 5,3 տոկոս։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ դեկտեմբերի 14-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նա ընդգծել է, որ դրամավարկային պայմանների խստացման ուղղությամբ ԿԲ-ի գործողությունները, այն է ՝ դեկտեմբերի 14-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը 0.5 տոկոսային կետով ՝ մինչև 7.75 տոկոս, միտված են գնաճային սպասումների մեղմմանը և գների կայունության ապահովմանը: Որպես գնաճի վրա ազդելու արտաքին գործոններ ԿԲ ղեկավարը նշել է ներկրվող ոչ սեզոնային սննդամթերքի գները: Նա կարծում է, որ արդեն 2022 թվականին գնաճը կմոտենա 4 տոկոս նպատակային շեմին։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021թ. նոյեմբերին պաշտոնական գնաճը կազմել է 1,7%, իսկ տարեկան գնաճը (2021թ. նոյեմբերին՝ 2020թ. նոյեմբերի համեմատ) բարձրացել է մինչև 9,6%, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտարկվող ժամանակահատվածներում արձանագրվել է ամսական 1,3% և տարեկան 1,6% գնաճ։ Իսկ իրական գնաճը, ըստ ԿԲ-ի տվյալների, 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ բարձրացել է մինչև 8,4%, նախորդ ամիսներին կայուն վարքագծից հետո, իսկ միայն նոյեմբեր ամսին կազմել է 0,8%՝ 2020թ. դիտարկվող ժամանակահատվածում գնաճային 2% և 0,4% - ի դիմաց:

 

Տնտեսական ակտիվությունը, ըստ վիճակագրական տվյալների, հունվար-հոկտեմբերին աճել է տարեկան 4,3%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերին' 2020թ.հոկտեմբերի համեմատն'  3,6%-ով, եւ երկու դեպքում էլ աճի դրայվերներն են առեւտրի հատվածը եւ ծառայությունների ոլորտը, մինչդեռ, արդյունաբերական հատվածը ցույց է տվել արտադրության համեստ աճ:

 

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի սեպտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 6,5 տոկոս՝ 2022 թվականին տեմպերի մինչեւ 4,5 տոկոս դանդաղմամբ: Իսկ ՀԲ-ի հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 6,1 տոկոս ' 2022 թվականին տեմպերի մինչեւ 4,8 տոկոս դանդաղմամբ: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ, սակայն ֆինանսական իշխանություններն ակնկալում են 6 տոկոս աճ, իսկ 2022 թվականի պետբյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։ Եվ դա 2020-ին ՀՆԱ-ի 7,4 տոկոս անկումից եւ 2019թ. ՀՆԱ-ի 7,6 տոկոս նախաքովիդյան աճից հետո՝ ըստ վիճակագրական տվյալների ։