Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021 15:16
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն չեղարկել է դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը ռուսական քաղաքների ուղղությամբ նախատեսված բոլոր չվերթները

FLYONE ARMENIA-ն չեղարկել է դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը ռուսական քաղաքների ուղղությամբ նախատեսված բոլոր չվերթները

Արմինֆո.FLY ONEARMENIA ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները դեպի ռուսական քաղաքներ, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

 

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ, FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու բացառապես Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը նախատեսված չվերթները։

 

Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19 նախատեսված բոլոր չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է նախկին չվերթների բոլոր ուղևորների տեղափոխումը։ Ընկերությունը չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով:

 

Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։ Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական ու անհատական կապի մեջ մնալ դեպի ՌԴ բոլոր չվերթների ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։

 

Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։ FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», - ասվում է հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին պետք է կայանար FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը՝ Երեւան-Մոսկվա ուղղությամբ, սակայն ընկերությունն ստիպված չեղարկել էր այն՝ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու  պատճառով: Ընդ որում, ավիաընկերությունը ապահովել էր չվերթի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։

 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ հայկական SIL Group բազմապրոֆիլ կոնցեռնը ՝ Մոլդովական FlyOne ավիաընկերության հետ համատեղ, ստեղծում է FLYONE ARMENIA նոր ավիաընկերություն։ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է շահագործողի վկայական: Ընկերությանը շնորհվել է երկու IATA 3F նիշանոց կոդ և երեք ICAO FIE նիշանոց կոդ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA Security-ի բոլոր չափանիշներին: Համավարակի պայմաններում ինքնաթիռները համալրված են HEPA զտիչներով, որոնք ոչնչացնում են վարակների եւ բակտերիաների 99,97 տոկոսը: Այս տարվա նոյեմբերի վերջին ընկերությունը հայտարարել էր 7 գերակա ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին՝ դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Քութայիս, Թբիլիսի եւ Ստամբուլ: Տեղեկացվել էր, որ Երեւան - Մոսկվա ուղղությամբ ավիաընկերությունը կգործարկի օրական 2 չվերթ ( 39 եվրո արժողությամբ), Երեւան - Թեհրան չվերթը հասանելի կլինի հինգշաբթի եւ կիրակի օրերին (39 եվրո), Երեւան - Լիոն չվերթը ՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին (44 եվրո), Երեւան - Թել Ավիվ չվերթը՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին (39 եվրո), Երեւան - Կրասնոդար չվերթը ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին (39 եվրո), Երեւան - Թբիլիսի չվերթը ՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին (39 եվրո), Երեւան-Քութայիսի չվերթը ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին (սկսած 39 եվրո) եւ Երեւան – Ստամբուլ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին (սկսած 39 եվրո):