
Արմինֆո. Այս շաբաթ կգործարկվի Իրանի, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Սեւ ծովի եւ Եվրոպայի միջեւ նոր միջանցք։ Այդ մասին հաղորդել «իրան.ռու»-ն՝ վկայակոչելով Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին:
Նրա ասելով, ՏՀԿ (Պակիստան, Իրան, Թուրքիա) միջանցքի վերականգնումից եւ Հյուսիս - Հարավ միջազգային փոխադրամիջանցքի (Ֆինլանդիա, Ռուսաստան, Ադրբեջանի Հանրապետություն, Իրան, Պարսից ծոց եւ Հնդկաստան) փորձնական գործարկումից հետո նոր միջանցքը (Իրան, Ադրբեջանի Հանրապետություն, Վրաստան, Սեւ ծով եւ Եվրոպա) կակտիվանա այս շաբաթ: Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ (ITI) միջանցքը ձեւավորվել է 10 երկրների ՏՀԿ համաձայնագրերի հիման վրա, առանցքային տնտեսական բլոկով, որը ձգտում է հեշտացնել առեւտուրը եւ ներդրումները տարածաշրջանում: Միջանցքը, որը հայտնի է որպես արեւելքից դեպի արեւմուտք ՏՀԿ երթուղի, ինչպես ակնկալվում է, կխորացնի տնտեսական հարաբերությունները Իրանի, Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ՝ որպես դաշինքի հիմնադիր անդամների:
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը (INSTC) 7200 կմ երկարությամբ ծովային, երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների ցանց է Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրման համար: Երթուղին, առաջին հերթին, ենթադրում է բեռնափոխադրումներ Հնդկաստանից, Իրանից, Ադրբեջանից և Ռուսաստանից ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Միջանցքի նպատակն առեւտրային կապերի ընդլայնումն է խոշոր քաղաքների միջեւ, ինչպիսիք են Մումբայը, Մոսկվան, Թեհրանը, Բաքուն, Բենդեր Աբբասը, Աստրախանը, Բենդեր Էնզելին եւ այլն: