
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացել Էկոնոմիկայի նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ի կողմից փայերի ձեռքբերում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ում:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագրի շրջանակներում «Ամբեր Կապիտալ» ՓԲԸ-ն ծանուցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի փայերին բաժանորդագրման մասին՝ ընդհանուր 59,914.0 հազ. ՀՀ դրամ արժեքով, որի վճարումն անհրաժեշտ է իրականացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը: Նշված գումարը «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի կողմից ներդրվելու է սննդի վերամշակման (հյութեր և պահածոներ) առաջատար «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում։ Վերջինիս հետ ներդրումային պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին և ընդհանուր ներդրումը կազմելու է 2.1-2.8 միլիոն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ անհրաժեշտ է Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ միջոցառմամբ ներգրավել 59 914 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ: Արդյունքում՝ ՀՀ տնտեսության համար վերը նշվածը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես նաև կնպաստի այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցների ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։ Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը:
Նշենք, որ "ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ" առաջին փայատիրական ներդրումային հիմնադրամը ստեղծվել է ԵՄ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ: ԵՄ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ որոշում է կայացրել հիմնադրամի կապիտալ ուղղորդել 16 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, հիմնադրամը մտադիր էր ներգրավել 70 մլն եվրո, որը կներդրվի Հայաստանի ՓՄՁ ոլորտում: Հիմնադրամի կառավարիչ է հանդիսանում «Ամբեր Կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որն ունի գրասենյակ և մասնագետների թիմ Հայաստանում:
Նշվել է, որ հիմնադրամի գործունեությունը կնպաստի ՓՄՁ մրցունակության բարձրացմանը, կորպորատիվ կառավարման բարելավմանը, միջազգային ասպարեզում հայկական ձեռնարկությունների թափանցիկության և ճանաչելիության բարձրացմանը: Միաժամանակ, ՎԶԵԲ-ի "Խորհրդատվություններ փոքր բիզնեսին " ծրագրի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտները կստանան անհրաժեշտ խորհրդատվություն:
Ներկայում հիմնադրամն ուսումնասիրում է Հայաստանի տնտեսության համար ռազմավարական ոլորտներում տարբեր ներդրումային հնարավորությունները, այդ թվում ՝ վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արտադրության, զբոսաշրջության, առողջապահության եւ տեքստիլի ոլորտներում: Մինչ օրս հիմնադրամն իրականացրել է երկու ներդրում ' տրամադրելով կապիտալ և նպաստելով կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների բարելավմանը: Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի կողմից հովանավորվող ՎԶԵԲ-ի "Աջակցություն փոքր բիզնեսին" ծրագրի հետ, որի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների ներդրումային պատրաստվածությունը և խթանել դրանց մրցունակությունը: