Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021 17:04
Ալինա Հովհաննիսյան

Գնել Սանոսյան. Ավարտվել է Մելիքգյուղ համայնքը միջպետական Մ3-ի հետ միացնող ճանապարհի հիմնանորոգումը

Գնել Սանոսյան. Ավարտվել է Մելիքգյուղ համայնքը միջպետական Մ3-ի հետ միացնող ճանապարհի հիմնանորոգումը

Արմինֆո.2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը, որն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում  հաղորդել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ», - հավելել է նախարարը։

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Սանոսյանը նոր նշաձող է սահմանել 2022 թվականի համար: Անցնող տարվա ամփոփմանը նվիրված գերատեսչական միջոցառման ընթացքում նա ընդգծել է, որ նախարարության համակարգման ոլորտները շատ են, իսկ աշխատանքի ծավալը՝ շատ մեծ, և աշխատակիցները պետք է իրենց աշխատանքին մոտենան մանրակրկիտ և խիստ պատասխանատու: Թե որն է այդ նոր նշաձողը, նախարարը չի հաղորդել։

 

Նշենք, որ 2022 թվականի համար, ըստ բյուջեի նախագծի, ՀՆԱ-ի նկատմամբ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը նախատեսվում է բարձրացնել մինչեւ 5,1 տոկոս՝ 2021 թվականի համար ամրագրված 3.2 տոկոսի փոխարեն: Հաշվի առնելով նախորդ տարիների բյուջետային կապիտալ ծախսերի կատարման փաստացի ցածր ցուցանիշները, որոնց հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է նախարարության կողմից համակարգվող նախագծերի վրա,  հաջորդ տարի եւս առկա է ծրագրված ցուցանիշների թերակատարման ռիսկ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի վրա, հետևաբար՝ ֆիսկալ ցուցանիշների վրա։ "Լույս" հիմնադրամի տնտեսական թիմի հաշվարկների համաձայն, կապիտալ  ներդրումների 1,1 տոկոսի չափով չկատարումը 0,3 տոկոսային կետով "տուգանում է" ՀՆԱ-ի աճի պոտենցիալը։