Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021 13:27
Նաիրա Բադալյան

2021 թվականին Հայաստանում կառուցվել են 750 կմ ճանապարհներ. նախարար

2021 թվականին Հայաստանում կառուցվել են 750 կմ ճանապարհներ. նախարար

Արմինֆո.Այսօր  կառավարության նիստում  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, նշել է, որ ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել:

Ըստ նախարարի՝ միավորելով նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները՝ կստացվի 750 կմ ճանապարհ: «Կառավարության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորություններն ու կարողությունները մեծացնել: Օրինակ՝ Տաթև-Լծեն ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում»,- ասել է Գնել Սանոսյանը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, անդրադառնալով թեմային, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Կառավարության ղեկավարն իրավապահ մարմիններին հորդորել է հետևողական լինել և ուսումնասիրել նմանատիպ բոլոր հրապարակումները: