
Արմինֆո.2021 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) Հայաստանում ներդրել է ռեկորդային 175 մլն դոլար: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ EBRD տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորն Հանսենիգլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Վահան Քերոբյանը, նշված գումարից ընդամենը 20 մլն դոլարն է հանրային ծրագրեր, մնացածը` մասնավոր։ «Աճել է նաև ոչ ֆինանսական սեկտորը», - գրել է նախարարը։
Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ և Հայաստանում գործունեության մեկնարկի պահից (1992 թվականից) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ներդրվել է 1.56 մլրդ եվրո՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում 191 ծրագրի իրականացման համար: Ընդ որում, այդ ներդրումների 91 տոկոսն ուղղված է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հաղորդել էր, որ 2020 թվականին բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 160 մլն եվրոյի ծրագրեր է իրականացրել: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, սակայն կան նաեւ ծրագրեր ֆինանսական ոլորտում, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում: