Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2021 թվականին վճարել է 2.6 մլրդ դրամի հարկեր՝ 36.8%-ով գերազանցելով 2020թ. ցուցանիշը: Այդ գումարի 87,7 տոկոսը կամ 2.2 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2021 թվականի արդյունքներով երկրում գործող 6 ապահովագրական ընկերություններից 5-ն են՝ ինչպես եւ մեկ տարի առաջ:
Հարկային վճարումների գծով ապահովագրական ընկերությունների շշրջանում երկար ժամանակից ի վեր առաջին անգամ առաջատարը "ԻՆԳՈ Արմենիան" է, որն այդ ցուցակում զբաղեցրել է 298-րդ տեղը (2020թ. 299-ի դիմաց)՝ պետբյուջեն համալրելով 780.8 մլն դրամով, որից 709.7 մլն-ը ՝ ուղղակի հարկերի գծով:
Այնուհետև հաջորդում է "Ռոսգոսստրախ Արմենիան", որը զբաղեցրել է 333-րդ տեղը (2020թ. 259-ի դիմաց) ՝ պետբյուջե վճարելով 689.6 մլն դրամ, որից 562.7 մլն-ը՝ ուղղակի հարկերի գծով:
"Նաիրի Ինշուրանս" ԱԸ-ն 2021 թվականին զբաղեցրել է 425-րդ տեղը (2020թ. 459-ի դիմաց)՝ պետբյուջե վճարելով 540.8 մլն դրամ, որից 485.6 մլն-ը ՝ ուղղակի հարկեր:
"Արմենիա ինշուրանս" ԱԸ-ն զբաղեցրել է 595-րդ տեղը (նախորդ տարվա 868 - ի դիմաց)՝ պետբյուջե ուղղորդելով 385.6 մլն դրամ, որից 360.9 մլն-ը՝ ուղղակի հարկերի գծով:
Ապահովագրական ընկերությունների 5-յակը եզրափակում է "Սիլ Ինշուրանսը", որը 2020թ. 912-րդ հորիզոնականից իջել է 980-րդ' պետբյուջե վճարելով 210.4 մլն դրամ, որից 167.7 մլն-ը' ուղղակի հարկեր:
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2021 թվականի արդյունքներով "ՌԵՍՈ"-ն չի ընդգրկվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ՝ այդ ցուցակում բացակայելով նաև նախորդ երկու տարիների արդյունքներով ՝ մինչ այդ 2018 թվականին զբաղեցնելով 647-րդ հորիզոնականը:
Նշենք, որ 2020 թվականին Հայաստանի ապահովագրական հատվածը պետական գանձարան է ուղղորդել 1.9 մլրդ դրամ՝ 43,7%-ով գերազանցելով մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Առաջատարը եղել է "Ռոսգոսստրախ Արմենիան", որին հետեւել են "ԻՆԳՈ Արմենիան","Նաիրի Ինշուրանսը", "Արմենիա Ինշուրանսը", "Սիլ Ինշուրանսը": (Դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2021 թ. - ի դրությամբ կազմել է 480,14 դրամ/$1):