
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, համաձայնագիրը հնարավորություն է տալիս երկու երկրների միջեւ զարգացնել եւ խորացնել երկարաժամկետ տնտեսական հարաբերությունները իրավահավասարության, փոխշահավետության հիման վրա՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, փոքր եւ միջին բիզնեսը, տրանսպորտը եւ ենթակառուցվածքները, բնապահպանական տեխնոլոգիաները, թվայնացումը եւ այլն:
"Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի օգտագործմանը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացում և դիվերսիֆիկացում: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում", - ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: 2015թ. մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: