
Արմինֆո. Թուրքիայի քաղաքացիները միշտ էլ Հայաստանում գույք են ձեռք բերել: Փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով այն խոսակցությունները, որ վերջին շրջանում թուրքերն ակտիվորեն ներդրումներ են կատարում ՀՀ-ում՝ անշարժ գույքում:
Նրա ասելով՝ Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար։ "Միշտ, բացի 2021 թվականից", - հստակեցրել է նախարարը: Նույնքան անարգել թուրքերը Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել և ներդրումներ կատարել տեղական բիզնեսում։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ ընկերությունների եւ ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար նախարարը լրագրողներին ն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտե, Պետռեեստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
Էկոնոմիկայի նախարարը հավաստիացրել է, որ այդ ցուցակում ռազմավարական կարեւոր օբյեկտներ չկան։ Դրա հետ մեկտեղ, Քերոբյանի ասելով, այս պահին չի մշակվում օրինագիծ՝ թուրքական ընկերությունների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ձեռք բերում թույլ չտալու նպատակով։ "Մեր նպատակն է ոչ թե փակել տնտեսությունը որեւէ մեկի առջեւ, այլ ուժեղացնել այն եւ բարձրացնել մրցունակությունն այդ միջավայրում", - եզրափակել է նա: -