
Արմինֆո.ԵԱՏՄ-ն լավ ներուժ ունի կրթության, ՏՀՏ տեխնոլոգիաների զարգացման, մարդկային կապիտալի և հետազոտությունների, շրջակա միջավայրի որակի ոլորտում, թույլ կողմեր են մնում ֆինանսական շուկայի զարգացումը, կարգավորման որակը, բնակչության առողջության ապահովումը, հասարակության անձնական իրավունքներն ու ներառականությունը:
Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսական քաղաքականության վարչության հետազոտության մեջ, որտեղ ներկայացվել է 2021 թվականին միջազգային վարկանիշներում ԵԱՏՄ երկրների դիրքերի փոփոխության վերլուծությունը։
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները, բացի Ռուսաստանի Դաշնությունից, բարելավել են իրենց դիրքերը Fraser_2021 ինստիտուտի տնտեսական ազատության վարկանիշում: Հայաստանը զբաղեցրել է 15-րդ տեղը, մինչդեռ, Ղազախստանը զբաղեցրել է 55-րդ տեղը, Ղրղզստանը՝ 77 - րդ, Բելառուսը՝ 88-րդ, Ռուսաստանը՝ 100-րդ տեղը:
Ընդ որում, "Գլոբալ ինովացիոն ինդեքս_2021" վարկանիշում դիրքերի բարելավում է գրանցվել Ռուսաստանում (45-րդ տեղ) եւ Բելառուսում (62-րդ տեղ), մինչդեռ, Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը ՝ առաջ անցնելով Ղազախստանից (79-րդ տեղ) եւ Ղրղզստանից (98-րդ տեղ):
"Սոցիալական առաջընթացի ինդեքս" վարկանիշում փորձագետները նշում են ԵԱՏՄ երկրներում դպրոցական և համալսարանական կրթության հասանելիության լավ մակարդակը: Այս հետազոտությունը երկրի գնահատականն է, որն արտացոլում է, թե որքանով է այն ի վիճակի բավարարել իր քաղաքացիների հիմնական կարիքները, ապահովել նրանց կյանքի որակի բարձրացումը եւ հնարավորություններ ստեղծել նրանց ներուժի իրականացման համար:
ԵԱՏՄ բոլոր երկրները, բացի Հայաստանից և Բելառուսից, բարելավել են իրենց դիրքերը այդ վարկանիշում (Ղազախստանը 3 դիրքով, Ղրղզստանը և Ռուսաստանը՝ 7): ԵԱՏՄ երկրների շրջանում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Բելառուսը (54-րդ տեղ), որին հաջորդում են Հայաստանը (55-րդ տեղ), Ռուսաստանը (62-րդ տեղ), Ղազախստանը (64-րդ տեղ) և Ղրղզստանը (82-րդ տեղ):
Նշվել է նաեւ, որ 2021 թվականին Standard&Poors վարկանիշային գործակալությունն առաջին անգամ վարկային վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: Արտարժույթով երկարաժամկետ պետական պարտատոմսերի վարկանիշը սահմանվել է B + մակարդակում, վարկանիշի կանխատեսումը դրական է:
Հիշեցնենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը նաեւ Transparency International-ի "Կոռուպցիայի ընկալման ինդեքս" (Corruption Perception Index-CPI) վարկանիշում: Հետազոտությունում ընդգրկված 180 երկրների թվում Հայաստանը 58-րդ հորիզոնականում է (Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ միասին), որի կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 49 միավոր։ Մինչդեռ, Ռուսաստանը CPI վարկանիշում 2021 թվականի արդյունքներով զբաղեցրել է 136-րդ տեղը՝ 29 միավորով, Բելառուսը՝ 82 - րդ տեղը (41 միավոր), Ղազախստանը՝ 102-րդ տեղը (37 միավոր), Ղրղզստանը՝ 144-րդ տեղը (27 միավոր):