Երեքշաբթի, 8 Փետրվարի 2022 19:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝  մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:

Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
 

Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:

 

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի  միջև հետագա համագործակցությունը: