Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022 11:05
Նաիրա Բադալյան

Զինծառայողի մահվան կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում կընդլայնվի ապահովագրական վճար ստացողների շրջանակը

Զինծառայողի մահվան կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում կընդլայնվի ապահովագրական վճար ստացողների շրջանակը

Արմինֆո. Փետրվարի 9-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն, զինծառայողի զոհվելու (զմահվան) կամ նրան անհայտ կորած ճանաչելու դեպքում կընդլայնվի "Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամի" միջոցներից ապահովագրական վճարումներ ստացողների շրջանակը:

 

ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  նախօրեին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվել է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, ծնողներ, կին կամ զավակներ չունեցող զինծառայողների դեպքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված  ֆինանսական հատուցումը պետք է հավասարաչափ բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր եւ  քրոջ  միջեւ: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում  նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ: Հատուցում է նախատեսված նաեւ այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու: