Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022 16:50
Ալինա Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները

Արմինֆո. Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաեւ հատուկ կարեւորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը:

 

Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:

 

Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ և Հայաստանում գործունեության մեկնարկի պահից (1992 թվականից) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ներդրվել է 1.56 մլրդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում 191 ծրագրի իրականացման համար: Ընդ որում, այդ ներդրումների 91 տոկոսն ուղղված է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը։

 

2021 թվականի արդյունքներով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանում ներդրել է ռեկորդային 175 մլն դոլար:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հաղորդել էր, որ 2020 թվականին բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 160 մլն եվրոյի ծրագրեր է իրականացրել: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, սակայն կան նաեւ ծրագրեր ֆինանսական ոլորտում, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում: