Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022 13:29
Նաիրա Բադալյան

Հայաստանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ

Հայաստանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ

Արմինֆո. Այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:  Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մինչ օրակարգի հարցերի քննարկումը ներկայացնելով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ այդ նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի: «Մրցույթի իմաստը հետևյալն է. մենք առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, ովքեր կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու: Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-աարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում:
Պետք է հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ արդեն կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը:

 

Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:

 

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: 70 օրվա ընթացքում ընկերությունները, հույս ունենք, ակտիվորեն հայտ կներկայացնեն, որից հետո արդեն որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության աշխատանքների համար հայտարարված մրցույթին: Եվ այս պրոցեսը, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք, գործնականում արդեն մնա իրագործման փուլը», - ասել է վարչապետը:

 

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, իր հերթին, նշել է մի քանի տեխնիկական պարամետրեր: «Նախ՝ Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կմ է: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա 60 կմ ամենաառանցքային հատվածներից մեկն է: Այժմ գործող ճանապարհը Սիսիանից դեպի Քաջարան միջինում ունի մոտ 50 կմ/ժ արագություն: Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենաք 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ, որը շուրջ 2 ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, ռազմավարական և տնտեսական առումով շատ կարևոր է: 6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք 5 թունելներ են, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Այսինքն՝ խոշորամասշտաբ ծրագիր է, և ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան, բավական հայտեր ունենանք և եթե այլ խոչընդոտող հանգամանքներ չլինեն, տարվա վերջին ունենանք նաև շինարար», - նշել է նախարարը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Սիսիան-Ագարակ հատվածը դիտվում է մեկ ամբողջության մեջ: «Արդեն շարունակության հետ կապված էլ որոշում կկայացնենք և հնարավորինս արագ կանցնենք իրագործման փուլին: Իհարկե, հիմա առանձնահատկությունն այն է, որ Հյուսիս-հարավ հատվածում մենք բնականոն գործող ճանապարահներ ունենք, արևելք-արևմուտք հատվածում բնականոն գործող ճանապարհներ չունենք: Իհարկե, հույս ունենք նաև Արևելք-արևմուտք հատվածով հնարավորինս արագ հասնել լուծումների և, ըստ անհրաժեշտության, ունենալ ժամանակավոր գործող ճանապարհ և հետագայում՝ այս նախագծի ամբողջացման կոնտեքստում ունենալ նաև հիմնական, արդեն վերջնական, այս նախագծի համատեքստում գործող ճանապարհ», - ամփոփել է Փաշինյանը: