Երեքշաբթի, 22 Փետրվարի 2022 15:32
Նաիրա Բադալյան

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը

Արմինֆո. Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԺ մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Համաձայնագրի նպատակն է` հնարավորություն տալ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին ազատ տեղաշարժվել, ապահովել քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունքները, նպաստել բնակչության զբաղվածությանն ու գործազրկության մակարդակի նվազեցմանը:

Հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:

Հարակից զեկուցող ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է աշխուժացնել աշխատաշուկան եւ ստեղծել մեկ ընդհանուր հարթակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: